Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Քոչարյանը ձեռները չի ծալել, նստել-սպասում, թե «փոստատարը» երբ է բերելու իր թոշակը

Քոչարյանը ձեռները չի ծալել, նստել-սպասում, թե «փոստատարը» երբ է բերելու իր թոշակը
25.07.2008 | 00:00

ՆՅԱՐԴԵՐԻ ԿՌԻՎ
Սերժ Սարգսյանի ասուլիսը միկրոսկոպիկ զննության ենթարկելու դեպքում ակնհայտ են դառնում ներքաղաքական և գեոպոլիտիկ զարգացումների խորքում ընթացող մի շարք պրոցեսներ:
Բանն այն է, որ հայաստանյան երեք հիմնական խաղացողները՝ Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, խաղում են խիստ փակ ու ինկուբացիոն համակարգով, մեկը մյուսին բացարձակ չվստահելով:
Սերժ Սարգսյան. ունի «գրիչ», կարող է ցանկացած պահի ցանկացած հրամանագիր ստորագրել: ՈՒնի համախոհների հստակ բանակ (ասենք՝ վարչապետ Տիգրան Սարգսյան և «մնացյալք»), նրա ներքաղաքական խաղարկային-մանիպուլյացիոն դաշտը շատ ավելի ընդարձակ է մնացած երկուսի համեմատ, որովհետև կարող է խաղալ թե՛ Տեր-Պետրոսյանի, թե՛ Քոչարյանի հետ: Ակնհայտ է նաև, որ վերջնական որոշում Ս. Սարգսյանը դեռ չի կայացրել. նա հույսը չի կտրում ինքնուրույն խաղացող դառնալու ցանկալի հեռանկարից:
Սերժ Սարգսյանը մյուս երկուսի համեմատ ունի ակնառու առավելություն. կարողանում է համբերել: Ինչ վերաբերում է գեոպոլիտիկ «խաղարկություններին», այս առումով նա ցանկանում է լավ, բայց ստացվում է ինչպես միշտ: Հասկանալի է՝ նրա խաղն այստեղ ակնհայտորեն զիջում է Տեր-Պետրոսյանի մանիպուլյացիոն դաշտին (վերջինիս հնարավորություններն այս առումով շատ ընդարձակ են), բայց և առաջ է ընկնում նեղ-ազգայնական, իսկ իրականում խիստ ասիա-չինգիզխանական կողմնորոշումների դաշտում խաղացող Քոչարյանից:
Բանն այն է, որ վերջին ամիսներին Ս. Սարգսյանը, որը կարողացավ Աֆղանստան հայկական զորակազմ ուղարկել, ժպիտներ հղել Հայաստանում ՆԱՏՕ-ի օրերի առթիվ, հայտնվել է այլընտրանքի բացակայության առջև:
Իրանն ու ԱՄՆ-ը բոլոր դեպքերում փորձում են լեզու գտնել միմյանց հետ, և ընդհանրապես, ԱՄՆ-ն ընդամենն արտաքուստ ու սեզոնային ցիկլերով է «որոշում» ռմբակոծել Իրանը, իսկ իրականում բոլոր անցնող տարիներին, չնայած դիվանագիտական հարաբերությունների չգոյությանը, ԱՄՆ-ն ու Իրանը «տակից» խիստ ինտենսիվ բանակցել են, ծառայել միմյանց շահերի, ընդ որում, իրաքյան պատերազմից ամենից շատ շահեց հենց Իրանը թե՛ նավթի, թե՛ շիաների, թե՛ տարածաշրջանում հեգեմոնի ամբիցիաները պնդացնելու առումով:
Եվ որքան էլ Ռուսաստանը ձեռքը մեկնի դեպ Իրան՝ Բուշերի ատոմակայանի մերձակայքում «բազարի» նստելու, միևնույն է, արագահաս ամերիկյան թատրոնը կարողանում է իրերի, իմա՝ բազարի ռեալ ընթացքը թեքել իր կողմը: Դե, գոնե մինչև հիմա:
Հաջորդաբար էլ Մեդվեդևը՝ քաղաքական, Միլլերը՝ շատ մեծ գազա-գումարային առաջարկները գրպանները դրած, հայտնվեցին Ադրբեջանում՝ ցանկացած գնով «առնելու» Շահ Դենիզի «արդյունքները»: Սակայն ոզնուն էլ է պարզ. Ալիև-կրտսերը, որին Ռուսաստանը մինչև օգոստոսի մեկը ժամանակ է տվել՝ պատասխանելու գազի մասին իր «հարցին», կձգի-կձգձգի այդ ժամկետները մինչև Ադրբեջանում նախագահական ընտրությունների ավարտը՝ խելամիտ մանևրելով խոստումների և դրանց չկատարման միջև: ՈՒ չի տա իր գազը Ռուսաստանին ոչ մի գնի դիմաց: Չեն թողնի: Սա շատ լավ հասկանում է Ռուսաստանը և հույսը տարածաշրջանում կրկին դնում է իր ֆորպոստի՝ Հայաստանի վրա:
Ավելին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստանից ի լուր Ադրբեջանի հայտարարում է՝ «Եթե գազը չես տա, մենք էլ ՀԱՊԿ ցանկացած երկրի նկատմամբ ցանկացած ագրեսիայի համատեղ պատասխան կտանք»: Ճիշտ է, այս դեպքում մի շարք հարցեր մնում են անպատասխան, բայց քաղաքականության ու գազի ողջ հմայքը կայանում է նրանում, որ անպատասխան հարցերը պետք է մանիպուլյացիայի ու բազարի «կարգ ու կանոնն» ապահովեն: Հարց. ասենք՝ եթե ՀԱՊԿ անդամ մահմեդական երկրները նույնիսկ միջազգային կառույցներում չեն պաշտպանում, չեն քվեարկում հօգուտ Հայաստանի, այդ ինչպե՞ս են «զենք կիրառելու» իրենց իսլամ եղբայրների նկատմամբ: Կամ՝ Ղարաբաղի դեմ ադրբեջանական հարձակման դեպքում ՀԱՊԿ-ն ի՞նչ կարգավիճակով է հանդես գալու… ու այսպես շարունակ:
Բայց դե՝ պարոն Բորդյուժան է, մի բան է, ասել է:
Մի «բան» էլ, ուրեմն, պետք է ասեր Բորդյուժայի այցի օրն ասուլիս տվող Սերժ Սարգսյանը՝ ՀԱՊԿ-ի առաջիկայում նախագահող երկրի ներկայացուցիչ-ղեկավարը: ՈՒ ասվեց. ա) ավելի «լավ» հարաբերություններ հնարավոր չէ երկու երկրների միջև, որ է՝ Ռուսաստանի և Հայաստանի: բ) միջազգային բոլոր կառույցները «վատն» են, մանավանդ… գիտեք՝ որը: գ) Հայաստանի իշխանություններս մեր գործն անում ենք ոչ թե ԵԽԽՎ-ի համար, այլ մեր: Ի դեպ, սա էլ հատուկ մեսիջ էր օրումեջ Հայաստան էմիսարներ ուղարկող ԵԽԽՎ-ին, որի ներկայացուցիչ միստր Պուչը (դե, համարյա՝ «Պուտչը») մի քանի ժամ հետո պետք է փոխարիներ «գոսպոդին» Բորդյուժային ու ասեր՝ Հայաստան, էդ որ կրկին և կարծես ամբողջական թեքվում ես դեպ Ռուսաստան, էդ պատճառով մենք կրկին հիշեցինք քո քաղբանտարկյալներին, և չի բացառվում, որ ոչ թե հունվարին, այլ աշնանն անդրադառնանք քո «թեքումին», ընդ որում՝ ոչ թե ձայնի, այլ ամբողջական կասեցմամբ:
Բա հո Եվրոպան չի՞ կարող լռել, չձայնակցել Ադրբեջանում «Նաբուկո» կառուցող ԱՄՆ-ին, ու թույլ տալ՝ Ադրբեջանը յուր գազը վաճառի Ռուսաստանին. սա էլ ամբողջական կախման մեջ դնի այդքան զարգացած, այդքան ծերուկ, այդքան բյուրոկրատ, ցավին անտեղյակ, այլոց դավերն ի շահ իրեն օգտագործող Եվրոպային:
Սակայն կրկին վերադառնանք Ռուսիո օրհնված ոտքի մոտ։ Սերժ Սարգսյանի «թեքվող» հայացքն այս պահին միայն տարածաշրջանային ու գազային խնդիրներով չի պայմանավորված: Ինչպես միշտ, դրանց կատարողականն ապահովում է ներքաղաքական սեգմենտը:
Բանն այն է, որ Վլադիմիրը՝ Պուտինը, որն իր երկրում, ճիշտ է, վարչապետ է, սակայն ավտորիտար բոլոր երկրների պես իր գլխին ունի «գրիչ» ունեցող մեկը, ու սույն գրչավոր «գոսպոդինը» մեկ էլ ու տեսար, վերցրեց ոսկեհուռ գրիչն ու ստորագրեց, ասենք, Խոդորկովսկու ներման հրամանը (հիշենք, որ վերջինս դիմել է Մեդվեդևին՝ իր «գործը» վերանայելու առնչությամբ, հետո էլ՝ միջազգային հանրությունը հո էնպես չի՞ սիրում-գուրգուրում «մոլոդոյին», խոստումնալիցին՝ Դիմա Մեդվեդևին), նույնպես կանգնած է քաղաքական դեֆոլտի առաջ: Եվ մեր չեկիստները, երակները փրթելու պես հավաստի պնդում են՝ Պուտինն ուզում է ու շատ բան է անելու, որ Քոչարյանը վերադառնա, որպեսզի Պուտինը նախ Ռուսաստանում, ապա՝ «այլոց» աչքին, և վերջապես տարածաշրջանում վերականգնի իր իմունիտետը, ասի՝ ինքը կա, հարցեր լուծող «good guy» է:
ՈՒ քանի որ Քոչարյանը «գրիչ» չունի, իսկ Սերժն ունի, նրանց խոսակցությունը չի ընթանում հավասարը-հավասարի միջև: Այլ ընթանում է մեր՝ լրագրողական համքարության միջոցով՝ «Մեսրոպ, ճիշտն ըսա՝ Վարդուշին ի՞նչ ըսիր. չէ՝ գաղտնիք կպահես, ըսա, Սիրանուշին ի՞նչ ըսիր, Մեսրոպ» տարբերակով:
Նախ, ասուլիսի ընթացքում մեր թերթի կողմից հնչած հարցը՝ հանդիպո՞ւմ եք Քոչարյանի հետ, Ս. Սարգսյանը նրբագեղորեն շրջանցեց: Իրավունք վերապահե՞նք մեզ եզրակացնելու՝ ոչ: Կարող ենք: Նաև այն պատճառով, որ Ս. Սարգսյանի ասուլիսի ինկուբացիան բացելու դեպքում ստացվում է, որ նա ողջ ասուլիսի ընթացքում, փաստորեն, վիրտուալ բանավեճի մեջ էր Քոչարյանի հետ, և վերջինիս հղեց մի շարք կարևոր մեսիջներ:
Ինչո՞ւ: Բանն այն է, որ Քոչարյանը ձեռները չի ծալել, նստել-սպասում, թե «փոստատարը» երբ է բերելու իր թոշակը: Ճիշտ է, Սերժը նրան ժամանակին ու շռայլ տալիս է այդ թոշակը (տես՝ հատկացված գրասենյակի ծավալները), սակայն նույն Սերժը նրան իր հետ չտարավ «բազեների» մոտ, ինչը շատ էր ուզում Քոչարյանը (տարօրինակ «վոյին» է՝ «վսյո Սերժինա նրավիցա եմու». մեկ ուզում է Սերժի հետ գնալ բանակցելու Ալիևի հետ, մեկ՝ «բազե» է սիրտն ուզում…), բայց դա ամենևին չվիրավորեց Քոչարյանին: Նա «դիմացավ» նաև այդ հարվածին. ավելին՝ հաջորդ օրը «վեր կաղնեց» ամեն ինչից ու գնաց Վայոց ձոր: Բազեների մոտ: «Նա գնաց մեն-մենակ»: Ոչ մի հեռուստաընկերություն, բացի «Երկիր-մեդիայից», հանձն չառավ ցույց տալ այդ «տխուր տեսարանը»: Եվ ընդհանրապես, նրանք, ում վրա հույս է դրել Քոչարյանը, մի քիչ «տխուր» ձևով են պաշտպանում «վոյինին»: Նրա գրքի մասին իր երբեմնի «պատասխանատու հեռուստաընկերությունները» տեղեկացրին կես բառ-կես տոն:
Բա էդ դաշնակցականնե՜րը, որ վայ-նաչար լծվել են «երկրորդ նախագահի» մունդիրի պահպանման գործին:
Մեկ և ընդմիշտ փաստենք՝ թե՛ ՀՅԴ-ի, թե՛ ԲՀԿ-ի, թե՛ Քոչարյանի «թողած» բոլոր պաշտոնյաների համար Քոչարյանը դարձել է ծանր բալաստ: Նրանք բոլորով երազում են որքան հնարավոր է շուտ ազատվել Քոչարյանի՝ իրենց հետապնդող ստվերից, ու մեզ հետ զրույցում անկեղծ ֆիքսում են՝ «ախր, պոեզդ ուշյոլ», ու շատ ցանկանում, որ դա հենց այդպես լինի, ու իրենք ազատվեն անձի երկվությունից, որովհետև այդպես խիստ տանջալից է:
Նույն դաշնակցությունը. մի կողմից նրա Կոշի կառույցը քանդվում է (կամ՝ քանդում են), մյուս կողմից՝ նրան «հրում» են, որ ասի՝ հեռանում եմ-մոռանում եմ կերակրատաշտը. ներեցեք՝ կոալիցիան (կերածը քթից են, էլի, բերում): Մի կողմից ասում են՝ երկրի նախագահն է, լավ է արել, որ Գյուլին կանչել է, էդտեղ վատ բան չկա, բայց մյուս կողմից՝ դաշնակցորեն պետք է ցույց անենք, երբ Գյուլը գա: Անեն՝ կրակ է, չանեն՝ կրակ է: Մանավանդ երբ Քոչարյանը «փարդի հետևից» ՀՅԴ-ից հուժկու-ջախջախիչ հարվածների է սպասում Սերժ Սարգսյանի ուղղությամբ, ու խեղճ ՀՅԴ-ն առավոտը զարթնում է` կոալիցիայից է, կեսօրին` Սերժից, երեկոյան արդեն` «Քոչարյանիցն» է:
ՈՒ Քոչարյանն ահավոր դժգոհ է ՀՅԴ-ից էլ, կոալիցիայից էլ, մնացածներից էլ. թե ինչու Տեր-Պետրոսյանի միտինգում իր մասին ասածներին չեն արձագանքում: Հիմա էլ ձայն չեն հանում Հաագայի դատարանի հաշվով:
Բայց դե դա էլ չի ընկճում Քոչարյանին, նա մինի-հանրահավաքներ է անում իր ռեզիդենցիայում՝ «յուրայինների» հետ, մեղադրում Սերժին, որ թույլ է տալիս նման «բաներ», և ընդհանրապես՝ «Սերժը շատ թույլիկն է, կոշտ քայլերի ընդունակ չէ, այ, իր ժամանակ բոլորդ ձեզ ապահով էիք զգում». սա է ընդհանուր խոհանոցում տարածվող մեսիջը:
Հաջորդիվ՝ Քոչարյանը «զարգացնում» է հարկային-մաքսային համակարգերը, առավել ստույգ՝ այնտեղ եղող խուլ դժգոհությունը: Սկսված, այսպես ասած, հարկային բարեփոխումները, կաշառք վերցնելուց ձեռնպահ մնալը բարեբեր հող են միայն աշխատավարձի հույսին մնացած չինովնիկության բողոքի, ներքին ընդվզման համար: ՈՒ ընդվզեցման են տարվում:
Քոչարյանն իրեն տվել է վեց ամիս ժամանակ` «բարեշրջելու» իրերի ընթացքը Հայաստանում: Գազի սպասվող թանկացումը, գների աճը, հարկային դաշտի սպիտակեցումը, օրինական տնտեսավարողներ ունենալու հանգամանքը սոցիալական բունտի պարարտ հող են Քոչարյանի համար: Իսկ հաշվարկը հետևյալն է՝ սոցիալական բունտի նախադրյալները հնարավորություն կտան ԱԺ-ում կառավարության նկատմամբ անվստահության գործընթաց սկսել աշնանը:
ՈՒ թե Սերժն այնպես չանի, որ մինչև հունվար Քոչարյանը զրկվի իր «ռեսուրսներից», չի կարենալու սանձել այս ընթացքը: Որովհետև հնարավոր չէ տևական ժամանակ գտնվել երկու կրակի` Քոչարյանի և Տեր-Պետրոսյանի արանքում:
Կրակն այրում է:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 6805

Մեկնաբանություններ